8 ապրիլի 2022 - 18:44 AMT
ՌԴ ԱԳ նախարարը՝ Փառուխի մասին․ Հանգամանքները պարզաբանման կարիք ունեն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում պատասխանելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ իրավիճակի մասին հարցին, ասել է, որ իրադարձությունների հանգամանքները պարզաբանման կարիք ունեն։

Նախարարը հիշեցրել է, որ իրադարձությունների հենց սկզբից ռուս զինվորականները հայտարարել են, որ զբաղվում են բոլոր հանգամանքների պարզաբանմամբ, գրում է Sputnik Արմենիան։

«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն։ Ես չէի ցանկանա առաջ անցնել և վերջնական դատողություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ՌԴ խաղաղապահներին», - նշել է նա։

Լավրովը հուսով է, որ խաղաղապահներին պատասխանատվության կանչելու, ծառայողական քննություն անցկացնելու կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը. զորակազմը հսկայական դեր է խաղում կայունության պահպանման գործում: Նա նշել է, որ ոչ մեծ միջադեպեր են տեղի ունենում, բայց ռուսական կողմը հետաքննում է դրանք։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։