9 ապրիլի 2022 - 10:45 AMT
Միրզոյանը Զասին է ներկայացրել Փառուխում իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ընթացքում Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։ Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։