3 ապրիլի 2009 - 18:56 AMT
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն սպառնացել են
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ոմն մեկը սպառնալիք է ուղարկել նախքան «Ռոստովի» հետ հանդիպումը, որը տեղի կունենա այսօր 19:00: Մի անհայտ մարդ զանգահարել է «Հիմկիի» դարպասապահին եւ կոպիտ ձեւով, սպառնալիքներով պահանջել նպաստելու «Հիմկիի» պարտությանը: Դարպասապահը հրաժարվել է եւ միանգամից տեղեկացրել իր ակումբի ղեկավարությանը: Այդ մասին ասվում է sovsport.ru կայքում առկա տեղեկատվության մեջ:

Ակումբի ղեկավարությունն իր հերթին պաշտոնական նամակով Ռուսական ֆուտբոլային Պերմիեր-Լիգայի (ՌՖՊԼ) ղեկավարությանը տեղեկացրել է թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հասցեին ուղարկված սպառնալիքների մասին:

Ակումբի մամլո քարտուղար Բորիս Խալֆինի խոսքով, նամակը պրեմիեր-լիգայի նախագահի անունով ուղարկվել է թղթային տարբերակով, իսկ երեկ «Հիմկին» ՌՖՊԼ-ին տեղեկացրել է էլեկտրոնային փոստի նամակով:

Ինչպես հայտնի է դարձել, այդ գործով արդեն զբաղվում է ոչ միայն պրեմիեր-լիգան, այլեւ ՌՖՄ-ը, ինչպես նաեւ իրավապաշտպան մարմինները: Դարպասապահին սպառնաց մարդուն գտնելու շանսերը գնահատվում են որպես շատ բարձր: Դրա պատճառը մի շարք անփութություններն են, որոնք թույլ է տվել սպառնացողը: