13 ապրիլի 2022 - 10:38 AMT
Ալիև․ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է։

«Մինսկի խումբը գործել է 28 տարի։ Համանախագահներն այս տարիների ընթացքում, հավանաբար, հարյուրավոր այցեր են կատարել Ադրբեջան և Հայաստան։ Արդյունքն ակնհայտ է՝ այն զրոյական է»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Նա կրկին կրկնել է այն թեզը, թե Ադրբեջանն ինքնուրույն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով։

«Ադրբեջանն ինքը կարգավորեց այս հակամարտությունը։ Այն կարգավորվել է ռազմաքաղաքական միջոցներով։ Փաստացի՝ հակամարտության կարգավորման համար Մինսկի խմբին տրված մանդատը գուցե դե յուրե վավեր է, բայց դե ֆակտո՝ կարող է անվավեր համարվել»,- ասել է նա։

Ապրիլի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել է նա։

Դրան հաջորդեց Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր լիարժեք հավատարմությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելուն` ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես ԵՄ խորհրդի նախագահող ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը։