3 ապրիլի 2009 - 20:54 AMT
Հասարակական գործիչ եւ լուսանկարիչ քսյոնզ Ստանիսլավ Պինդերան արժանացել է Կարպիս Փափազյանի անվ. մրցանակին
Մարտի 31-ին Լեհաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Կաթողիկ եկեղեցու սպասավոր, հայտնի հասարակական գործիչ եւ լուսանկարիչ քսյոնզ Ստանիսլավ Պինդերային Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 2008 թ. «Կարպիս Փափազյան» մրցանակի հանձնմանը: Պարոն Պինդերան արժանացել է այդ մրցանակին «Հայաստան. Քարերը մարդուց հավերժ են» լուսանկարչական ալբոմի պատրաստման եւ հրատարակման համար, ինչն իրականացվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանի հովանու ներքո:

Ընդունելությանը ներկա էին Լեհաստանի քաղաքական եւ հասարակական գործիչներ, ԵԽ-ում ԼՀ Սեյմի եւ Սենատի պատվիրակության անդամները, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան դիվանագետներ, Լեհաստանի Կաթողիկ եկեղեցու Վարշավայի արքեպիսկոպոսը, Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, դիվանագիտական կորպուսի դեկանը:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը, ով կարեւորել է քսյոնձ Պինդերային նման պատվավոր մրցանակին արժանացնելու փաստը: Դեսպանը համառոտ ներկայացրել է լուսանկարչական ալբոմի ստեղծման պատմությունը, երախտիքի խոսք ուղղել հեղինակին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների եւ տեսարժան վայրերի հանրաճանաչման ու քարոզչության գործում կատարած մեծ ներդրման համար:

Այնուհետեւ «Կարպիս Փափազյան» հիմնադրամի ներկայացուցիչ, Ավստրոհայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Տամրազյանը պարոն Պինդերային է հանձնել պատվոգիրն ու դրամական պարգեւը: Ընթերցվել է նաեւ մրցանակակրին ուղղված ՀԲԸՄ նախագահ Բերջ Սեդրակյանի շնորհավորական ուղերձը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: