13 ապրիլի 2022 - 11:39 AMT
Ալիև․ Որպես ոչ բարեկամական քայլ կընկալենք ՀՀ-ին զենքի մատակարարումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է թե եթե Հայաստանին զենք մատակարարվի, Բաքուն դա «որպես ոչ բարեկամական քայլ կընկալի և համապատասխան կարձագանքի»։

Նա ասել է, որ եթե ՀՀ-ին այդքան զգալի միջոցներ չհատկացվեին սպառազինման համար, Երևանը «գլուխը խոնարհած կգար Բաքվի հետ պայմանավորվելու», գրում է Haqqin.az-ը։

Նա ասել է, թե 2020թ․ պատերազմում ադրբեջանական կողմը $4-5 մլրդ-ի հայկական ռազմատեխնիկա է ոչնչացրել։

«Որտեղի՞ց այդքան միջոցներ Հայաստանին։ Որտեղի՞ց այդ վարկերը, մարվա՞ծ են դրանք, թե ոչ։ Թե ներվե՞լ են։ Եթե այդ վարկերը չլինեին, ապա, համոզված եմ, պատերազմի անհրաժեշտություն չէր մնա»,- ասել է նա։

Ալիևն նշել է նաև, որ հիմա գլխավոր հարցը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումն է։

«Ցանկացած կազմակերպություն, որը պատրաստ է աջակցել դրան, ընդունելի է։ Հայաստանը դրական է արձագանքել մեր առաջարկած 5 սկզբունքին։ Ես ցանկանում էի պարզել այդ հարցը Բրյուսելում և ստացա անհրաժեշտ պատասխանը։ Եթե ՀՀ-ն ընդունում է այդ 5 սկզբունքը, նշանակում է՝ հրաժարվում է Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ խաղաղ պայմանագրի նախապատրաստման և սահմանազատման աշխատանքային խմբերը պետք է ստեղծվեն մինչև ապրիլի վերջ և որքան հնարավոր է շուտ սկսեն աշխատել։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: