14 ապրիլի 2022 - 18:40 AMT
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ նախկին նախագահներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել է՝ հասկանում են, որ Ադրբեջանի հետ հարևանությամբ պետք է ապրեն, բայց ենթակայությունը հնարավոր չէ, անթույլատրելի է։

«Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք` պահպանել ստատուս քվոն։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ այստեղ Արցախի բնակչության ավտանգության երաշխավորներն են։ Շարունակել ապրել այստեղ` ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության։ Դա կարող է լինել անկախություն, կարող է լինել նաև Հայաստանի հետ միացում, ինչը քիչ հավանական եմ համարում, կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– ասել է նա։