16 ապրիլի 2022 - 12:24 AMT
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կանգնել է պլանային վերանորոգման

Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ից, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ:

Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հունիսի 28-ին:

Վերանորոգման ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝

- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ,

- թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,

- թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում,

- թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում,

- տուրբագեներատորների միջին վերանորոգում:

ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները, ասվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի հաղորդագրության մեջ։

Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:

Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: