18 ապրիլի 2022 - 11:40 AMT
Տոնոյանն արձագանքել է սաղավարտի և զրահաբաճկոնի մասին Փաշինյանի խոսքերին

Կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի հայտարարությանը՝ բանակում սաղավարտի և զրահաբաճկոնի խնդրի մասին։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»,-ասվում է Տոնոյանի հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իր ելույթում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր: «Բա 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն գնել։ Դրանք համակարգային խոցեր են, մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք՝ ինչն ինչոց է», -ասել է նա։