18 ապրիլի 2022 - 17:01 AMT
Կրեմլ․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը։ Վերջինս ՌԴ կայցելի պաշտոնական այցով։

«Քննարկվելու է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը,», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերը։