3 ապրիլի 2009 - 22:49 AMT
ԱՄՆ նախագահը Իրանին չի մերժում ատոմային տեխնոլոգիաների զարգացման իրավունքի հարցում
Իրանը կարող է խաղաղ նպատակներով զարգացնել ատոմային տեխնոլոգիաները, եւ նրա միջուկային խնդիրը պետք է լուծել` պահպանելով երկրի ինքնուրույնությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: «Ես իսկապես գտնում եմ, որ ԱՄՆ, Ռուսաստանը, եվրոպական երկրները` մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք չբերի»,- ասել է Օբաման մամլո ասուլիսին Ստրասբուրգում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովին:

Նա նշել է, որ G20 գագաթաժողովի շրջանակներում Լոնդոնում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ զրույցի ժամանակ քննարկել է այնպիսի մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք պահպանում են Իրանի ինքնուրույնությունը եւ որոնք Իրանին թույլ կտային խաղաղ նպատակներով զարգացնել ատոմային տեխնոլոգիաները: «Բայց միանգամայն պարզ է, որ Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինության մրցավազքն անհնար է»,- ընդգծել է Օբաման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: