24 ապրիլի 2022 - 11:40 AMT
Չավուշօղլուն Ուրուգվայում հայ ցուցարարներին «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել թուրք լրագրող, Middl East Eye-ի թուրքական բյուրոյի ղեկավար Ռագիփ Սոյուլուն։

Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ դրոշներով և Ցեղասպանության ժխտումը դատապարտող պաստառներով։

Ուրուգվայն աշխարհի առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հայտնի է իր պանթուրքիստական և ռասիստական գաղափարախոսությամբ։ Կազմակերպության անվանումը և խորհրդանիշները կապվում են թուրքական դիցաբանության հետ, որտեղ գայլը խիզախության և պատվի խորհրդանիշ է։