24 ապրիլի 2022 - 16:21 AMT
Ստամբուլում հարգել են Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ մտավորականների հիշատակը

Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում, որը Ցեղասպանության տարիներին կրում էր Թաթավլա անունը, հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների հիշատակին:

107 տարի առաջ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ հենց այս թաղամասում է սկսվել հայ մտավորականության ձերբակալությունը, գրում է Ermenihaber-ը։

Հարգանքի տուրք է մատուցվել նաև «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին և Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ Սևակ Բալըքչըին:

Միջոցառմանը մասնակցել է Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը: Միջոցառման մասնակիցները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին առերեսվել իրականության հետ և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Այլևս չենք ցանկանում, որ այս հողերը տեսնեն Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին, Բեհաեդդին Շաքիրին»,-նշվել է հայտարարության մեջ:

«Ցանկանում ենք, որ այս հողերը բոլոր ժողովուրդների և հավատքների համար շարունակեն լինել մի հայրենիք, որը կունենա Զաբել Եսայանի, Կոմիտասի, Մկրտիչ Մարգոսյանի, Հրանտ Դինքի, Սարգիս Սերոփյանի, Ահմեթ Քայայի, Յաշար Քեմալի, Թահիր Էլչիի եղբայրական ոգին»,-նշել են միջոցառման մասնակիցները:

Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով։ Սակայն, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը երկրի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել։