24 ապրիլի 2022 - 18:37 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել է» Բայդենի ապրիլի 24-ի ուղերձը՝ այն «2021-ի սխալի կրկնություն» կոչելով

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ի ուղերձին` դատապարտելով այն և անվանելով «2021-ի սխալի կրկնություն»։

ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։

«1915 թվականի մասին պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարությունները վավերական չեն: Այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը, որը հանդիսանում է 2021-ի սխալի կրկնությունը։

Մերժում ենք նման հայտարարությունները և որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը քաղաքական դրդապատճառներով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Միակողմանի և ընտրական մոտեցումները, որոնք ոչ մի այլ նպատակի չեն ծառայում, քան պատմությունից թշնամանք առաջացնելը, բարոյապես խնդրահարույց և քաղաքականապես վնասակար են: Բարեխիղճ դիրքորոշումը պահանջում է հարգել բոլոր նրանց հիշատակը, որոնք այդ ժամանակաշրջանում տառապանքներ են կրել, առանց խտրականության ըստ էթնիկ կամ կրոնական հատկանիշի։ Թուրքիան հարգում է բոլոր օսմանցիների հիշատակը, այդ թվում՝ հայերի։ Մենք մերժում ենք այդ ցավը քաղաքական նպատակով օգտագործելու փորձերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկնել է իր թեզը Համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին և նշել, թե «բացել է արխիվները»։

Նշվում է նաև, որ Թուրքիան ձգտում է կայունության և խաղաղաության տարածաշրջանում, որի դրսևորումն է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը։

Բայդենի ուղերձում մասնավորապես ասվում է․ «1915 թվականի ապրիլի 24 օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական գործիչներին։ Այդպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: Այսօր մենք հիշում ենք 1․5ս միլիոն հայերին և սգում նրանց ողբերգական մահը որոնք սպանվեցին, տեղահանվեցին կամ մահվան երթում հայտնվեցին՝ բնաջնջման արշավի ժամանակ»։