26 ապրիլի 2022 - 18:15 AMT
Նյու Դելիում հայ-հնդկական գործարար համաժողով էր․ Չօգտագործված հսկայական ներուժ կա

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հնդկաստանը դարձել է ՀՀ կարևոր տնտեսական գործընկերը, սակայն, միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատել միասին։

Միրզոյանը նշել է նաև, որ սա առաջին անգամն է, որ հայաստանյան գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների այսքան մեծ պատվիրակություն է ուղևորվել Հնդկաստան՝ հանդիպելու և ողջունելու իրենց գործընկերներին, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, փոխգործակցելու՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները հաղթահարելու և մեր հասարակությունների համար արժեք ստեղծելու համար:

«Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները։

Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր: Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 200 մլն բնակչությամբ և մոտ 1.8 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ GSP առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար։

Նշեմ նաև, որ մեր կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում դրական գործարար միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողներն ունենան աշխատելու և ստեղծելու բարենպաստ պայմաններ։ Այս առումով ցանկանում եմ առանձնացնել այն հավակնոտ բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ, իսկապես մրցունակ տնտեսության և շուկայական հարաբերությունների հաստատմանը»,-ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, կրթության, զբոսաշրջության, ավիացիայի, լոգիստիկայի և դեղագործության ոլորտները գործընկերության ամենահեռանկարային և առաջադեմ ոլորտներից են:

Գործարար համաժողովին շնորհանդեսներով և ելույթներով հանդես են եկել նաև Հնդկաստանի արդյունաբերողների համադաշնության ներկայացուցիչները, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը և այլք:

Raisina Dialogue համաժողովին մասնակցելու նպատակաով Նյու Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին: