Նախկին փոխվարչապետ, ԱՆԻՖ-ի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վերջապես գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։
«Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։
ՀՀ վարչապետի, կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։
Մեծ ծրագրերը դեռ առջևում են»,-ասվում է գրառման մեջ։
2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։ Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարում էր, որ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է տեղակայել կամրջի վրա, որը կկառուցվի Հրազդան գետի վրա։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ էր նախատեսում` «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրային կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակֆոնդի թարմացում։
Քաղաքային իշխանությունները նախատեսում էին, որ մինչև նոր կայարան ընկած 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցներ թունելով, որի շինարարությունը սկսվել էր դեռ ԽՍՀՄ տարիներին և անավարտ մնացել։