28 ապրիլի 2022 - 11:51 AMT
Միրզոյանը քննարկել է Մումբայի նավահանգստից ՀՀ բեռնափոխադրումների հնարավորությունը

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։ Այնտեղ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ, որտեղով անցնում է երկրի ծովային բեռնափոխադրումների ավելի քան կեսը։

Շնորհանդեսի ընթացքում կայացած քննարկմանը մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։

Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել Մումբայի նավահանգստում և հյուրընկալվել նավահանգստի օպերատոր-կառավարիչ PSA Mumbai ընկերության կենտրոնակայանում, որտեղ կայացած շնորհանդեսին ներկայացվել է նավահանգստի պատմությունը, աշխատանքի մանրամասները, տարբեր ուղղություններով բեռնափոխադրումների հնարավորությունները, աշխարհի տարբեր կենտրոնների հետ կապերը։

Նույն օրը Մումբայում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B):

Հնդկաստանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել է նաև հայ գործարարների հանդիպումը հնդկական խոշորագույն Tata Group տրանսնացիոնալ կոնգլոմերատի մաս կազմող IHCL ընկերության փոխնախագահի հետ։

Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում Raisina Dialogue համաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը քննարկել է ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և հնարավորությունները։

Հանդիպմանը Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։