28 ապրիլի 2022 - 13:27 AMT
«Դիմադրություն» շարժումը երթեր է սկսել Ապարանից և Սարդարապատից

Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ ապրիլի 28-ին երթ են սկսել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Նրանք շարժվում են դեպի Երևան՝ միանալու «Դիմադրություն» շարժման մյուս անդամներին։ Երթին միացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Քաղաքացիների մի խումբ էլ երթ է իրականացնում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից, գրում է Factor.am-ը։

Ընդհանուր առմամբ՝ 4 քայլերթ է շարժվում դեպի Երևան տարբեր ուղղություններից:

Ապրիլի 25-ին մի խումբ ընդդիմադիրներ քայլերթ են մեկնարկել Իջևան քաղաքից։ Ապրիլի 27-ին երթի մասնակիցները հասել էին Ծովագյուղ։

Ապրիլի 26-ին երթ էր սկսվել նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից։

Ընդդիմադիր ուժերը մայրաքաղաքում նույնպես շարունակում են բողոքի գործողությունները՝ իշխանափոխության հասնելու օրակարգով։ Նրանք հայտարարել են, որ երթով Երևան եկողները միանալու են իրենց և մայիսի 1-ին մեծ հանրահավաք են իրականացնելու։