Ապրիլի 30-ին Հայաստանում նախատեսվում է համապետական շաբաթօրյակ անցկացնել։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում ասել է, որ թեև եղանակի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, այնուամենայնիվ, շաբաթօրյակի օրը չի փոխվի։
Նա հիշեցրել է, որ 2020 և 2021 թթ․ շաբաթօրյակներ չեն կազմակերպվել՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, ասել է, որ հաճախ աղբը մի տեղից հավաքվում, մեկ այլ տեղ է տեղափոխվում։
«Հաճախ, տեսախցիկների առաջ հավաքում ենք աղբը x վայրից, տանում y վայր, հետո տեղափոխում մի այլ վայր»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կա աղբավայրերի և կոշտ թափոնների կառավարման խնդիր։
Սանոսյանը հավաստիացրել է, որ հավաքվող աղբը կտեղափոխվի բացառապես աղբավայրեր։
Ապրիլի 25-ին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով չսահմանված տեղերում աղբի կոտակումներին, ասել է, որ ՌԴ-ից ժամանած քաղաքացիներն են Երևանում մաքրություն անում՝ ամոթ է։ «Իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»,-ասել էր նա։