28 ապրիլի 2022 - 15:27 AMT
Երևանի կենտրոնից 24 ցուցարար է բերման ենթարկվել

Երևանի տարբեր փողոցներ փակելու համար ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստներին։

Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10 ակտիվիստ, «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14: նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, հայտնել են ոստիկանությունից, գրում է Aysor.am-ը։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից։

«Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ:

Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա, իսկ մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։

Մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն ակցիաներ է իրականացնում։