29 ապրիլի 2022 - 10:53 AMT
Բլինքեն․ ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ հակամարտության տանող քայլեր Երևանի և Բաքվի կողմից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ թույլ չտալու համար քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։

Բլինքենն այդպես է մեկնաբանել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա այն է, ինչով ես շատ ակտիվ զբաղվում եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող վիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ առաջին հերթին համոզվելու համար, որ ոչ մեկը չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսման, ինչպես նաև փորձել եմ առաջ մղել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա հավելել է, որ բանակցում է նաև երկու երկրի ԱԳ նախարարների հետ։

Ապրիլի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծման օգտին, ինչպես նաև դեմ է «միակողմանի քայլերին, հատկապես Ադրբեջանի կողմից»։ Նրա խոսքով, Վաշինգտոնն այդ կապակցությամբ «վստահության ամրապնդման տարբեր միջոցներ մշակում և առաջ մղում»։