29 ապրիլի 2022 - 16:28 AMT
Փայլանի դեմ հաղորդում են ներկայացրել թուրքական դատախազություն

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի թեմայի շուրջ աղմուկը Թուրքիայում չի դադարում: Նրա դեմ հաղորդում են ներկայացրել թուրքական դատախազություն։

Ապրիլի 28-ին Քադիր Քարթալ անունով մի թուրք փաստաբան դատախազությանը Փայլանի դեմ «հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին»: Հաղորդման մեջ պահանջվում է Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրա դեմ դատական գործընթաց սկսել՝ մեջլիսին «Հայոց ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանության մեղավորների անունները հանրային կառույցների ու փողոցների վրայից հանելու մասին» անվանումով օրինագիծ ներկայացնելու համար, գրում է Еrmenihaber-ը։

Ըստ թուրք փաստաբանի «հիմնավորման»՝ Փայլանը, ցեղասպանություն բառը կիրառելով և օրինագիծ ներկայացնելով, ժողովրդին բացահայտ ատելության ու թշնամության է դրդել (Թուրքիայի քր. օրենսգրքի 266 հոդված):

Ավելի վաղ թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին սպառնացել էր, որ մեջլիսը Փայլանին կզրկի պատգամավորական մանդատից։