2 մայիսի 2022 - 10:59 AMT
Սերժ Սարգսյան. 10 տարի միջազգային հանրությունն ասում էր` Արցախը պետք է ինքնորոշվի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ի ուշ երեկոյան այցելել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ընդդիմության մեծ հանրահավաքից հետո վրաններ են տեղադրվել և անհնազանդության ակցիան շարունակվում էր։ Նրան դիմավորել են ծափահարություններով, «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։

Ըստ Սարգսյանի, այս անգամ կհաջողվի կանխել զիջումներն Արցախի հարցում: Նա ասել է, որ 10 տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի, գրում է Panorama.am-ը։

ՀՀ երրորդ նախագահը չգիտի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում նկատի ունի, երբ ասում է, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։

«Ի՞նձ եք հարցնում, իրենց հարցրեք, թե ում նկատի ունի, ով է միջազգային հանրությունը: Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի։ Ուշադրություն մի դարձրեք այդպիսի ասածների վրա»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Երևանի ու Զանգեզուրի մասին, ավելի շատ խոսում է ՀՀ երկրորդ ու երրորդ նախագաներից, քան Նիկոլ Փաշինյանին է արձագանքում՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դա արդեն իրենց պրոբլեն է, ոչ թե մեր»:

Հարցին, թե այս անգամ շարժումը կհաջողի՞, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է. «Կասկած չունենաք», գրում է «Փաստինֆոն»։

Պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք մտավախություն, որ իշխանությունն ուժ կգործադրի ցրելու համար ընդդիմության հավաքը՝ Սարգսյանն արձագանքել է՝ «Ինչո՞ւ պետք է ուժ գործադրի, իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»:

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։