2 մայիսի 2022 - 13:47 AMT
Օսիպյանը դժգոհել է ոստիկանների պահվածքից

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դժգոհություն հայտնելով ոստիկանների պահվածքից, ասել է, որ որևէ մեկը՝ գիտակից ոստիկան, թող օրենք մեկնաբանի, օրենքին հղում անի։

Նա հավելել է, որ սա ինքնաբուխ հավաք է, բխում է ՀՀ հավաքների ազատության մասին օրենքից` հավելելով, որ ոստիկանների պահվածքն անթույլատրելի է, գրում է «Փաստինֆոն»։

Լրագրողը հիշեցրել է, որ 2018-ին որևէ նման վարքագիծ չի եղել, գոնե լրագրողների նկատմամբ նման գործողություններ ոստիկանները չեն իրականացրել։

Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը հրահանգ ուներ՝ հատուկ ընդգծված վերաբերմունք դրսևորելու լրագրողների և օպերատորների նկատմամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, արգելել նկարահանում իրականացնել։ Խոսքը MediaHub-ի աշխատակիցների մասին է։

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։