2 մայիսի 2022 - 16:40 AMT
ԱԳՆ․ ՀՀ և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման մասին որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին, ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Նման հարց օրակարգում չկա»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը, խոսել է հայ-թուրքական «սահմանի ճշտման համար» հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին։

«Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «Հաղթանակ» կուսակցությունը (Zafer Partisi) մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։