3 մայիսի 2022 - 13:56 AMT
Միրզոյանն ու Նուլանդը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում, ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։

Այս համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը։ Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես` հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։

Արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և նշվել, որ 2019 թվականից համագործակցությունը բարձրացվել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր արժեհամակարգի վրա:

Միրզոյանը նաև հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ:

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է երկխոսությունը ՀՀ և Ադրբեջանի միջև: