3 մայիսի 2022 - 17:05 AMT
Աղաջանյան․ ՀՀ-ն կտրականապես մերժել է սահմանի վերաճշգրտման մասին Թուրքիայի ակնարկը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով ՀՀ հետ սահմանը վերաճշգրտելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությանը, ասել է, որ նման ակնարկ եղել է, բայց ՀՀ-ն կտրականապես մերժել է այն։

Հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ՝ Աղաջանյանը պատասխանել է, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։

Աղաջանյանը շեշտել է․ «Այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։

«Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասել է Աղաջանյանը։

Նա հավելել է, որ Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չեն տեսնում։

«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշել է Աղաջանյանը։

Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը՝ ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանել է, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նշվել էր, որ նման հարց օրակարգում չկա:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը, խոսել է հայ-թուրքական «սահմանի ճշտման համար» հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին։ «Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։