«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։
Մաեստրոն նույնպես ներկա էր միջոցառմանը։ Անվանական ցուցանակի բացմանը հաջորդել է դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանի ողջույնի խոսքը, որից հետո դպրոցի աշակերտները ներկայացրել են մաեստրո Մանսուրյանի հարուստ կենսագրությունն ու անցած բեղմնավոր ճանապարհը։ Միջոցառումը շարունակվել է դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշել է. «Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված և արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»։
Միջոցառման ավարտին «Կողբ» հիմնադրամը մի շարք դրամաշնորհներ եւ կրթաթոշակներ է հանձնել Կողբի հանրակրթական և երաժշտական դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին 2022 թվականի 1-ին եռամսյակում արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների համար։
Անվանակոչության արարողությունը եզրափակվել է «Կողբ» հիմնադրամի կողմից Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցանակի սահմանման մասին հայտարարությամբ։ Մրցույթի պայմանները շուտով կհրապարակվեն հիմնադրամի կողմից։
Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին: Հիմնադրամի առաքելությունը կրթամշակութային նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավումն է, իսկ տեսլականը՝ այնպիսի Հայաստանը, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն: