«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային հրաժարականի պահանջը։
Ազգային ժողովում նույն պահանջը սկսել է ընթերցել Արմեն Ռուստամյանը, սակայն իշխանական պատգամավորները սկսեցին ծափահարել, սուլել, բացականչել «Նիկոլ, վարչապետ»։ Նիստը ընդմիջվել է։
Ինչպես գրում է Sputnik Արմենիան, Սաղաթելյանի հրապարակած կետերն են․
1. Փաշինյանը, տապալելով Արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։
2. Նա խոստովանել է, որ կարող էր խուսափել պատերազմի ու զոհերից, բայց չի արել։
3. 2021-ի հունիսին խոստացել էր վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։
4. Իր նախընտրական ծրագրով խոստացել էր, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն` ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է և հիմա այլ ճանապարհով է գնում։
5. Խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերի թիվը։
6.Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը դժբախտ ելք ունեցավ` հղի հայ կնոջը վրաերթի ենթարկեցին։
«Ելնելով այս ամենից` Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»,–ասել է Սաղաթելյանը։
Ցուցարարները շարժվեցին Ազգային ժողովի մոտ, որտեղ կմեկնարկել է կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։