6 ապրիլի 2009 - 13:27 AMT
Թուրքիայի հատուկ ծառայությունները կանխել են Բարաք Օբամայի դեմ մահափորձը
Թուրքիայի հատուկ ծառայությունները կանխել են Բարաք Օբամայի դեմ մահափորձը: Անցած ուրբաթ Ստամբուլում ձերբակալվել է Սիրիայի մի քաղաքացի, որը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ որպես Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակից մտադիր էր մասնակցել գագաթնաժողովի լուսաբանմանն ու դանակ նետել ԱՄՆ նախագահի վրա նրա ելույթի ժամանակ: Պաշտոնական հաստատում դեռեւս չի եղել, գրում է Haber-turk-ը:

Անկարայում ու Ստամբուլում ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցներ: ԱՄՆ նախագահին կպաշպանեն հատուկ ծառայությունների ու ոստիկանության շուրջ 9000 աշխատակիցներ: Թուրքիայի մայրաքաղաքի բոլոր կենտրոնական մայրուղիները փակ են, արգելք է սահմանվել քաղաքի վրայով քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար:

Ակնկալվում է, որ Բարաք Օբաման ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում եւ ապրիլի 7-ին Ստամբուլում կայանալիք «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովում: Թուրքիան առաջին մահմեդական երկիրն է, ուր կայցելի Օբաման: