5 մայիսի 2022 - 16:53 AMT
Գրիգորյանը՝ կարգավիճակի մասին․ Եթե տեսնենք, որ ԼՂ մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովվելու է, կհամաձայնենք

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին, ասել է, որ հիմնախնդրի լուծումը տեսնում են անվտանգության ապահովմամբ, ըստ որի էլ պետք է կարգավիճակը որոշվի։

Դիտարկմանը, թե որոշ քաղաքագետների կարծիքով` եթե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում, նշանակում է` ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից, իսկ Արցախի մնացած մասը կճանաչվի Ադրբեջանի կազմում՝ Գրիգորյանը պատասխանել է, որ դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն քաղաքագետները, երբ նման պնդում են անում, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք անվտանգության ապահովմամբ` ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Բայց նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու, և մենք չգիտենք, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի՞ երաշխիքներ են լինելու, կքննարկենք դրանք բանակցությունների ժամանակ։ Եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, մենք համաձայնություն կտանք դրան»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը չի հստակեցրել, թե ինչին է համաձայնություն տալու ՀՀ-ն։

Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։

Անվտանգության խորհրդի քարտուղարը, անդրադառնալով խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։

Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման` 5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ այդ կետերում ոչ մի անընդունելի բան չկա։ և որ Հայաստանն էլ իր առաջարկներն է ներկայացրել։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: