6 մայիսի 2022 - 18:27 AMT
ՌԴ ԱԳՆ՝ ՀՀ-ում իրավիճակի մասին․ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը, ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերին, ասել է, որ դա Հայաստանի ներքին գործն է և հավելել, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում։

«Ելնում ենք նրանից, որ երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում:

Ինչ վերաբերվում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին է»,- ասել է Զայցևը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նա հավելել է, որ ռուսական կողմը մշտապես հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ակտիվ աջակցելուն, առաջին հերթին 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման միջոցով:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ-ում ընթացող ցույցերին և բողոքի ակցիաներին, ասել էր, որ դա ամբողջությամբ ՀՀ ներքին գործն է։ Նա հավելել է՝ ՌԴ-ն շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվի բարդ շրջանը և կայունություն հաստատվի:

Ապրիլի 25-ից ընդդիմությունը Հայաստանում բողոքի հանրահավքներ և երթեր է անցկացնում, մայիսի 2-ից մեկնարկել են ահնազանդության ակցիաները։ Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։