7 մայիսի 2022 - 11:51 AMT
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում

Սահմանադրական դատարանը երկրի մայր օրենքին համապատասխանող է ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ ԲԴԽ անդամներին վերաբերող դրույթը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկվել էր տարիքային սահմանափակման հետ կապված։ Այդ հարցով ՍԴ էր դիմել «Հայաստան» խմբակցությունը։

«2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը որոշել է․

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

3․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասվում է գրառման մեջ։

Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ է նշանակվել ԱԺ կողմից 2021-ին։ Դրանից մի քանի ամիս անց քրեական գործ հարուցվեց խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, դատական խորհուրդը կասեցրեց նրա լիազորությունները մինչև քրեական գործի ավարտը։