7 մայիսի 2022 - 15:01 AMT
Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 220 մարտիկ ամերիկյան հաուբիցների կիրառման վարժանքների է մասնակցել

Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան 220 մարտիկ ամերիկյան հաուբիցների կիրառման վարժանքների արագացված դասընթացի է մասնակցել։ Բացի այդ, մայիսի 1-ին 20 զինծառայող Phoenix Ghost նորագույն անօդաչու սարքի կիրառման մեկշաբաթյա դասընթացի է մասնակցել, գրում է rueconomics-ը The Hill ամերիկյան պարբերականի վրա հղումով։

Լրագրողների աղբյուրը Պենտագոնում նշել է, որ առաջիկա օրերին կսկսվի ուկրաինացի ևս 50 զինվորականի ուսուցում։ Գերատեսչության ներկայացուցիչները կարծում են, որ վարժանքներից հետո Ուկրաինա վերադարձած զինվորները իրենց գիտելիքները կփոխանցեն զինակիցներին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։

Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։