7 մայիսի 2022 - 16:23 AMT
Վիրահայերի արձագանքը․ Ադրբեջանցի գործչի «Գորշ գայլերի» ժեստը սպառնալիք է Վրաստանի հայությանը

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության հայազգի անդամ Արսեն Կարապետյանը դատապարտել է իր ադրբեջանցի կուսակից Ահմեդ Իմամկուլիևի՝ հրապարակայնորեն «Գորշ գայլերի» նշանի ցուցադրումը՝ այն փոքրոգի քայլ համարելով։

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության Մառնեուլիի շտաբի նախագահ Ահմեդ Իմամկուլիևն ապրիլի 24-ին լուսանկար է հրապարակել՝ ձեռքով ցույց տալով «Գորշ գայլերի» նշանը՝ կից «Բարև ընկերներ: Նրանց համար, ովքեր իրենց անհարմար են զգում» գրառմամբ:

«Իմանալով Ահմեդին՝ ես, մեղմ ասած, տհաճորեն զարմացած եմ նրա արարքով, երկրորդ՝ չեմ կարծում, որ Չավուշօղլուի վարքագծի վերարտադրումը կամ դա պաշտպանելը կարող է դիվիդենտներ բերել որևէ մեկին, երրորդ՝ որևէ մեկն իրավունք չունի Վրաստանի բազմազգ, հանդուրժող և բազմամշակութային միջավայր դիսբալանս մտցնել։ Ամենակարևորը՝ ապրիլի 24-ին նման արարքն առնվազն կոռեկտ չէ, շատ ցածր է թե՛ Չավուշօղլիի, թե՛ նրան սատարողների կողմից»,-ասել է կուսակցության անդամ Արսեն Կարապետյանը, գրում է «Ալիք մեդիան»։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն դատապարտել է ահաբեկչական համարվող ժեստի կիրառման՝ Իմամկուլիևի քայլը՝ բողոքի ակցիա կազմակերպելով «Եվրոպական Վրաստանի» գլխավոր գրասենյակի առջև։

Հայ համայնքային «Արձագանք» հարթակի ղեկավար Գիորգի Թումասյանը նշել է, որ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցները պետք է արձագանքեն դեպքին։

«Այս ժեստը կարելի է գնահատել որպես բաց սպառնալիք Վրաստանի հայությանը, դա նույնն է ինչ օրինակ հրեաների համար ֆաշիստական ժեստերը»,-ասել է նա։

Թումասյանը նշել է, որ հարցով դիմել են երկրի կառավարությանը, «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին կից էթնիկ փոքրամասնությունների խորհրդին։

«Մեր քայլերն ուղղված են նման սադրիչ գործողությունների բացառմանը․ նման դեպքերը Վրաստանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ են հրահրում։ Այժմ սպասում ենք այս կառույցների արձագանքին, համապատասխան պատասխան չստանալու դեպքում արդեն կդիմենք այլ մարմինների» -ասել է Թումասյանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն էր ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Չավուշօղլուի այդ քայլը բողոքի պատճառ էր դարձել Ուրուգվայում: Դեպքը տեղի էր ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողությունից հետո, որին մասնակցում էր Չավուշօղլուն:

Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայազգի սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել է Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը: