10 մայիսի 2022 - 10:31 AMT
ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որն անցկացվելու է մայիսի 10-11-ը, գրում է Мehrnews-ը։

Հանձնաժողովի նիստին կմասնակցեն նաև Իրանի նավթի փոխնախարարը, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենը, ավտոմոբիլային ճանապարհների փոխնախարարը, այլ պաշտոնյաներ:

Հանձնաժողովի նիստի շրջանակում տեղի կունենա առևտրային կոնֆերանս՝ երկու երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տնտեսական դիվանագիտության հարցերով ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին, անդրադառնալով նիստին, կարևորել է երկու երկրի կողմից Փոխգործակցության մասին հուշագրի և համաձայնագրերի կատարումը, և «աննշան է» անվանել 5 մլրդ դոլար կազմող Իրանի մասնաբաժինը ՀՀ շուկայում, հայտնում է ԶԼՄ-ն։

Նա ասել է, որ մեծ ներուժ և զգալի հզորություններ են առկա տարբեր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տարանցումը, էլեկտրակայանները, գյուղատնտեսությունը, դեղագործությունը և բուժսարքավորումները, կապն ու ՏՏ ոլորտը։ Նա նշել է, որ եթե այդ հզորություններն օգտագործվեն, երկու երկրի միջև առևտրի ծավալը զգալիորեն կավելանա։