10 մայիսի 2022 - 12:43 AMT
Ադրբեջանի ԱԳՆ․ Անկլավները կլինեն Ադրբեջանի կազմում

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե «Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր) և Քյարքիի (Տիգրանաշեն) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»:

Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ «այդ տարածքներն Ադրբեջանի մաս չեն», գրում է Haqqin.az-ը։

«Այդ հողերն Ադրբեջանի տարածք են։ Քանի որ դրանց վերադարձն Ադրբեջանին սահմանազատման գործընթաց է պահանջում, հարցը դիտարկվելու է հենց այդ համատեքստում։ Այդ տարածքների անցումն Ադրբեջանի կազմ կքննարկվի և կգտնի իր լուծումը»,-ասել է Խալաֆովը։

Մայիսի 5-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե Ադրբեջանի հետ կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ Նա ասել է, թե մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսը, հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանն իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին», - ասել էր Գրիգորյանը։