10 մայիսի 2022 - 15:08 AMT
Մարուքյան․ Չկա որևէ իրավական հիմնավորում, թե ՀՀ տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է եղել

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների, ասել է, որ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ-ն համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ Մարուքյանն ասել է․ «Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: ՀՀ արտաքին գործերի նախարարը դեռևս 2022-ի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

Անդրադառնալով անկլավների մասին Խալաֆովի հայտարարությաւնը, ըստ որի «Ղազախի շրջանի 7 գյուղ և Տիգրանաշենը (Քյարքի) Ադրբեջանին պետք է վերադարձվեն», և որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում՝ Մարուքյանն ասել է, որ այս պահին չկա որևէ իրավական հիմնավորում, թե ՀՀ տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել։

«Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում»,-ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե «Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր) և Քյարքիի (Տիգրանաշեն) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»: Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ «այդ տարածքներն Ադրբեջանի մաս չեն»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել խաղաղ պայմանագրի 5 հիմնարար կետ և անդրադառնալով Հայաստանի 6 առաջարկի մասին հաղորդագրություններին, ասել է, որ Հայաստանի առաջարկած փաստաթուղթը ոչ մի կերպ չի կարելի «առաջարկություններ» անվանել։