Մի քանի օրից կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Այս տարի դիմում-հայտերն ընդունվելու են միայն էլեկտրոնային եղանակով։ Էլմատյաններում կակտիվանա դիմելու կոճակը:
Ատեստավորումը կանցկացվի սեպտեմբերին: Կարող են ատեստավորվել 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Նախատեսվում է, որ ծրագրին կմասնակցի մոտ 5000 ուսուցիչ:
Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, այս տարի վերանայվել է առաջադրանքների համար տրամադրվող ժամանակը:
Հարցաշարերը կազմում են Գնահատման և թեստավորման կենտրոնի ուսուցիչներից և բուհական մանսագետներից կազմված փորձագիտական հանձնաժողովները, իսկ թեստերը ստուգվում են համակարգչային ծրագրով:
«Նախորդ տարի փորձարկել ենք կամավոր ատեստավորման գործընթացը: Նպատակը մեկն է՝ ստեղծել մեխանիզմ, որով պետությունը կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և դա փոխկապակցված կլինի վարձատրման համակարգին»,-նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Կամավոր ատեստավորումից 70 և բարձր միավոր հավաքած ուսուցիչները 30-50 տոկոս հավելավճար են ստանում: Արդեն մայիսի 1-ից ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափը սահմանվել է 200,000 դրամ, որին կգումարվի նաև հավելավճարը՝ նոր դրույքաչափով:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում աշխատում է մոտ 6000 ուսուցիչ: Անցյալ տարի կամավոր ատեստավորվել և բարձր արդյունքներ է գրանցել 30-ը: Վստահ եմ՝ այս տարի մասնակցությունն ավելի ակտիվ կլինի»,-ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը:
Չնայած պայմաններին՝ մի շարք ուսուցիչներ չեն շտապում ատեստավորվել: Ասում են՝ գործընթացին դեմ չեն, բայց ունեն մտահոգություններ տեխնիկական խնդիրների առումով:
«Երաժշտություն, կերպարվեստ, ֆիզկուլտուրա. այս և նմանատիպ մյուս առարկաների ատեստավորումը կլինի մանկավարժական կրթություն տրամադրող բուհերի միջոցով»,-հավելել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է նաև, որ եթե ուսուցիչը կամավոր ատեստավորմամբ չի հավաքում անհրաժեշտ նվազագույն շեմ, ապա նա պետք է ատեստավորվի մեկ տարի անց:
«Բայց այդ ընթացքում մենք նրա հետ աշխատելու ենք. պետությունը պարտավորվել է պարտադիր վերապատրաստում կազմակերպել, եթե վերաատեստավորումից հետո ուսուցիչը կրկին չի կարողանում հաղթահարել այս շեմը, ուրեմն մենք այդ ուսուցչի համար պետք է գտնենք այլ զբաղմունք»,-ընդգծել է Անդրեասյանը:
Եթե նույնիսկ բոլոր ուսուցիչները ցանկանան կամավոր ատեստավորվել, պետությունը պատրաստ է ֆինանսավորել: Այդ նպատակով մոտ 33 մլրդ դրամ լրացուցիչ գումար կհատկացվի: