11 մայիսի 2022 - 13:06 AMT
Ստեփանակերտում կրակոցների փաստով քրգործ կա. Ըստ ԶԼՄ-ների՝ ձերբակալվածը գեներալ Սամվել Կարապետյանն է

Մայիսի 10-ի երեկոյան՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Նշվում է, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն: Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:

Ըստ ԶԼՄ-ների, ձերբակալվածը գեներալ Սամվել Կարապետյանն (Օգանովսկի) է։