11 մայիսի 2022 - 14:09 AMT
Վերջերս ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ

Ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիան»։

«ԿԽՄԿ ներկայացուցիչներն ապրիլի 30-ին այցելել են վերջերս գերության մեջ հայտնված հայ զինծառայողին։ Այցի շրջանակում նրան հնարավորություն է տրվել կապվել հարազատների հետ ԿԽՄԿ–ի միջոցով։ Սա մեր առաջին այցն էր այդ զինծառայողին», – նշել է Ամատունին։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում։