12 մայիսի 2022 - 13:05 AMT
Փոխվարչապետ․ Իրան-ՀՀ երկաթուղային կապի հաստատումն օրակարգային կարևոր հարցերից է

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրան-Հայաստան երկաթուղային կապի հաստատումը գտնվում է ՀՀ օրակարգային կարևորագույն հարցերի շարքում։ Այդ մասին նա ասել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում տեղի ունեցած երկու երկրի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստում:

Նա նշել է նաև, որ հայկական կողմը մեծապես կարևորում է էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես՝ գազ- էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի երկարաձգման, Հյուսիս-Հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ:

Գրիգորյանը նշել է նաև, որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման, սահմանային և մաքսային վարչարարության լավարկման ուղղությամբ համագործակցությունը իր հերթին կնպաստի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Փոխվարչապետը շեշտել է, որ, հաշվի առնելով Իրանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ ինտեգրման հարցում, Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու այդ գործընթացը, ինչպես նաև բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա: Նա վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն։

«Պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը իրենց հարաբերություններում մշտապես առանձնահատուկ կարևորություն են տալիս գործարարների միջև համագործակցության խթանմանը, և այս ուղղությամբ հատկանշական է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նաև տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Վստահ եմ, որ տնտեսական այս կարևոր միջոցառումը ևս հարթակ կդառնա հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։

Թույլ տվեք վստահություն հայտնել, որ ստորագրվող փոխըմբռնման հուշագիրը կբացի նոր հնարավորություններ երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ ի բարօրություն հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների»,-ասել է Գրիգորյանը։

Նիստից առաջ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ Մհեր Գրիգորյանը և Ալի Աքբար Մեհրաբիանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: