12 մայիսի 2022 - 14:33 AMT
Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա անդամ պետությունների գագաթնաժողովը։ Դա կլինի և ղեկավարների հանդիպում, և նրանց առանձին շփումներն աշխատանքային նախաճաշի շրջանակում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը հայտնել է, որ միջոցառման ավարտին ԶԼՄ-ների համար հայտարարություններով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն է այժմ նախագահում ՀԱՊԿ-ում։

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կարող է անդրադարձ լինել նաև իրավիճակին Ուկրաինայում։