12 մայիսի 2022 - 16:57 AMT
Վանեցյան․ Հրապարակում կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են՝ հարվածում են շարժմանը

«Հայրենիք» կուսակցության ու խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն ասել է, որ այս օրերին Ֆրանսիայի հրապարակում մարդկանց է տեսնում, որոնք իր համար անընդունելի են:

«Այդ մարդկանց այստեղ գտնվելը, հարված է հասցնում շարժմանը»,- ասել է նա, տեղեկացնում է Аrmlur.am-ը:

«Բայց մենք չենք կարող ասել, թե դուք գնացեք այստեղից։ Եթե սա լիներ «Հայրենիք» կուսակցության կամ «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցության միջոցառումը, մենք կկարողանային ասել, թե սա մեր միջոցառումն է, գնացեք այստեղից։ Բայց սա համազգային շարժում է։ Դուք նայեք, թե ով է հարթակում։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք հարթակից ելույթ ունեցող մարդկանց համար, մյուսներն ազատ են»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու վարչապետի թեկնածուների հստակ անուններ չեն նշվում՝ Վանեցյանը հիշեցրել է Իշխան Սաղաթելյանի ելույթը, որտեղ նա ասել է, թե ով չի կարող լինել վարչապետ։

«Վարչապետ չի կարող լինել այն մարդը, ով նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն, պաշտոնի հաշվին հարստացել է, ունի ոչ լավ համբավ և այլն։ Թե ով կլինի վարչապետ, հավատացեք, այս պահին էլի ծուղակ է, որը լարվում է իշխանությունների կողմից։ Մենք ասել ենք, որ այս շարժումը չունի առաջնորդներ, կուսակցական պատկանելություն։ Այս շարժումը համաժողովրդական, համազգային շարժում է և շարունակելու ենք այդ տրամաբանությամբ»,-ասել է նա։

Վանեցյանը հավելել է, որ առաջիկա օրերին ամեն ինչի մասին կխոսեն՝ հավելելով, որ այսօր հրապարակում գտնվող ընդդիմությունն ունի լրջագույն կադրային բազա և յուրաքանչյուր պաշտոնի համար կարող է առնվազն 3-4 թեկնածու առաջադրել։

Արձագանքելով այն դիտարկմանը, թե հանրության մեջ շրջանառվում է, օրինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը՝ Վանեցյանն ասել է, որ գնդակը Թաթոյանի դաշտում է։

«Այդ առաջարկը օդում կա, մեր կողմից չի արված, բայց ով կլինի այն մարդը, որը կլինի առաջնորդը և հետագայում կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որոշվելու է այս հրապարակում։ Թաթոյանի անունը շրջանառվում է տարբեր շրջանակներում։ Եթե պարոն Թաթոյանը ցանկություն ունի մտնել ակտիվ քաղաքական գործունեության մեջ, պետք է գա այս հրապարակ և սկսի իր գործունեությունը։ Եթե չի ուզում գալ հրապարակ, կարող է ուրիշ տեղ սկսել։ Ինքը կորոշոի՝ ուզո՞ւմ է զբաղվել քաղաքականությամբ։ Մենք որևէ մեկին չենք արգելում գալ հրապարակ, այն հայ ժողովրդինն է։ Ինձ համար միևնույն է, ով կկարողանա գալ և ստանձնել այդ պատասխանատվությունը, և բոլորս կորոշենք, որ այս գործընթացում կարող են օգուտ տալ, թող գան»,-ասել է նա։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։