12 մայիսի 2022 - 18:11 AMT
Փաշինյանը՝ Օվերչուկին․ Գիտեք՝ որքան ենք շահագրգռված կոմունիկացիաների բացման հետ կապված կոնկրետ արդյունք ունենալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փաշինյանը նշել է, որ բարձր է գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արդեն իրականացված աշխատանքը:

«Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, իրավիճակը տարածաշրջանում կփոխվի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք:

Ինչ վերաբերում այդ թեմայի հետ կապված հետագա աշխատանքին, այդ թեման ունի նաև տեխնիկական կողմ, որը, կարծում եմ՝ այնքան էլ բարդ չէ: Բայց որպեսզի մենք կոնկրետ և արդյունավետ լուծումներ ունենանք, պետք է լուծել բոլոր իրավաբանական հարցերը, ընթացակարգային հարցերը, որոնք ոչ միայն մեզ կօգնեն արագորեն կոնկրետ լուծումների հանգել, այլ նաև այդ լուծումները կդառնան ավելի հիմնավորված և ավելի ուժեղ, եթե կարելի է այդպես ասել: Եվ մեխանիզմը երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն կաշխատի: Հույս ունեմ և վստահ եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքն արդյունավետ կլինի, պարզապես պետք է որքան հնարավոր է շուտ գալ կոնկրետ լուծումների»:

Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին նշել է. «Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին կցանկանայինք խոսել: Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»:

Օվերչուկը նաև որպես շատ կաևոր պահ նշել է այն հանգամանքը, որ ՌԴ օպերատիվ շտաբը կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները ամբողջությամբ հանելու որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով:

«Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են»,-ասել է նա։

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին: