12 մայիսի 2022 - 18:27 AMT
Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը կողմ են ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարին մայիսի 12-ի համատեղ հայտարարությամբ կողմ են արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ակնկալվում է, որ Ֆինլանդիայի պաշտոնական որոշման մասին կհայտարարվի առաջիկա օրերին, ենթադրաբար՝ մայիսի 15-ին, գրում է Deutsche Welle-ն։

«Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։ Հուսով ենք, որ առաջիկա օրերին կձեռնարկվեն այդ որոշման համար անհրաժեշտ ներպետական միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան «կամրապնդի ամբողջ պաշտպանական համակարգը»։

ՆԱՏՕ-ին միանալու մասին որոշում առաջիկա օրերին կարող է կայացնել նաև Ֆինլանդիայի հարևան Շվեդիան։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հելսինկին և Ստոկհոլմը ցանկանում են միաժամանակ հայտ ներկայացնել՝ ընդգծելով երկու երկրների համաձայնությունն ու միմյանց պաշտպանելու ցանկությունը։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։