13 մայիսի 2022 - 18:57 AMT
ԵԱՏՄ-ում տրված գիտաստիճանները փոխադարձաբար կճանաչվեն անդամ երկրներում

Հայաստանում շնորհված գիտական աստիճանները կճանաչվեն նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։ Հայաստանը փոխադարձաբար ևս կճանաչի համաձայնագրին միացած ԵԱՏՄ անդամ այլ երկրների գիտական կոչումները։

Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։

Համաձայնագիր նախատեսվում է ստորագրել մինչև տարեվերջ։