14 մայիսի 2022 - 14:36 AMT
Դե Վաալ. Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին նվիրված քննարկման ժամանակ կարծիք է հայտնել, որ Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի։

«Հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար»,-ասել է նա, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նա ընդգծել է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Վերլուծաբանը հավելել է, որ Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել դրա փաստաթղթային ժառանգականությունը:

«Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբն ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում` երեք նախագահի՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- ասել է դե Վաալը:

Նրա կարծիքով, այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը:

«Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ն, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես, օրինակ, ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- նշել է դե Վաալը:

Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալն ասել է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որը, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ.-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։

ՀՀ-ն և Ադրբեջանը պատրաստկամություն են հայտնել խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել։ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել, Հայաստանն արձաքանգել է 6 կետանոց առաջարկով։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել է նաև, որ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ սկսել Ադրբեջանի 5 կետի և ՀՀ 6 կետի համատեքստում։