ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարորդների մասնակցությամբ խմբակային տեղաշարժերը երթևեկության անվտանգության սպառնալիք են ստեղծում։
Նշվում է, որ վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ խմբակային տեղաշարժերի միջոցով:
«Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Կորյունի փողոցում կարմիր բերետավորները փակել են ավտոերթի մասնակիցների ճանապարհը, նրանք բերման են ենթարկում մեքենաներից վարորդներին, գրում է «Փաստինֆոն»։