17 մայիսի 2022 - 11:15 AMT
Միրզոյանը Բրյուսել կմեկնի

Մայիսի 17-18-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նրա նախագահությամբ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:

Նիստի ընթացքում կողմերն անդրադարձ կկատարեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցությանը: Մտքեր կփոխնակվեն նաև առևտրատնեսական և ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ:

Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Այցի շրջանակում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ: